«Մակիչի հեռանալը, կարծես, ուշքի բերող ապտակ լիներ ինձ»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Մակիչի հեռանալը, կարծես, ուշքի բերող ապտակ լիներ ինձ»։ Այս մասին գրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ազատամարտիկ, ազգային-հեղափոխական երգերի կատարող Մկրտիչ Մկրտչյանի մահվանը։
«Այսօր հրաժեշտ ենք տալու Մակիչին։ Ինձ թվում էր՝ Արցախի վերջին դեպքերից հետո այլևս ոչինչ չէր կարող ինձ այսքան ցավ պատճառել։ Ինքս էլ ինձ վաղուց արդեն դարձվորիկ եմ զգում՝ լավ չհասկանալով՝ էս աշխարհում եմ ապրում, թե էն։ Որն է իրականությունը, որը՝ ոչ։
Մակիչի հեռանալը, կարծես, ուշքի բերող ապտակ լիներ ինձ։ Գիտեի, որ այսպես է լինելու, սպասում էի այս օրվան։ Նույնիսկ ուզում էի, որ շուտ գա. Մակիչի տանջանքներին չէի կարող նայել։ Բայց միևնույն է… ամեն ինչ մեջս փշրվեց հենց լուրը առա։
Մակիչն ինձ համար հայր էր, ավագ ընկեր, եղբայր… ամեն ինչ։ Մեր ընտանիքի ամենահարազատ մարդկանցից մեկը։ Նա էլ մեր տնից գնաց։ Մեզանից։ Ու հիմա, թերևս, աշխարհներից լավագույնում է։ Այնտեղ, որտեղ իմ ամենասիրելիներն ու ամենահարազատներն են։
Աղոթեք Մակիչի հոգու համար, սիրելի ընկերներ։ Ու թող Աստված ողորմի ձեր անցավորներին ու մեր ազգի բոլոր նվիրյալներին։
Աստծով, Մակիչ ջան»,-գրել է Մելիք-Շահնազարյանը։