3+3 ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է․ Իրանի ԱԳ նախարարը՝ Գրիգորյանին
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը գոհունակություն է հայտնել երկու երկրների հարաբերությունների զարգացման ընթացքի կապակցությամբ և անհրաժեշտություն որակել համագործակցության երկարաժամկետ ու համապարփակ փաստաթղթի պատրաստումը, փոխանցում է IRNA-ն։
Աբդոլլահիանը վերահաստատել է միջազգային սահմանների ու երկրների տարածքային ամբողջականության պահպանման հարցում Իրանի սկզբունքային դիրքորոշումը և շեշտել խնդիրները տարածաշրջանի երկրների աջակցությամբ հարթելու անհրաժեշտությունը։
Նա հավելել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային պետությունների կողմից՝ առանց արտաքին միջամտության:
Աբդոլլահիանը 3+3 մեխանիզմն անվանել է տարածաշրջանի խնդիրները լուծելու համար ազդեցիկ ձևաչափ։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ՝ հայտարարելով, որ Երևանը վճռական է ընդլայնել Թեհրանի հետ կապերը: Նա նաև նշել է, որ Հայաստանը կարևոր և կառուցողական է համարում Իրանի դերը Հարավային Կովկասի զարգացման և տարածաշրջանում կայուն խաղաղության գործում: