Կառավարությունն ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը լրացուցիչ 102,7 մլն դրամ է հատկացրել
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 102,7 մլն դրամ հատկացնել ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «ՀՀ պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:
ՀՀ պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և իր առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 102,724.0 հազար դրամ:
Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը:
Որոշման երկրորդ հատվածը գաղտնի է եւ հասկանալի չէ, թե կոնկրետ ինչի համար է հատկացվում գումարը:
Հիշեցնենք՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովն ընդունեց որոշում, որով ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը դարձավ վարչապետին ենթակա մարմին։