Օտտավան Կիևին կտրամադրի 35 անօդաչու թռչող սարք, զինամթերք և կօգնի Leopard 2-ի սպասարկման հարցում

Ռազմական օգնության նոր փաթեթով Կանադան Ուկրաինային կփոխանցի 35 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), զինամթերք, թեթև տեխնիկա և կաջակցի Leopard 2 տանկերի սպասարկման հարցում: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում։
«Մենք նաև Ուկրաինային կուղարկենք 35 անօդաչու թռչող սարքեր, որոնք հագեցած են բարձր հստակության տեսախցիկներով և կտրամադրենք տեխնիկական աջակցություն, ինչպես նաև թեթև տեխնիկա և զինամթերք»,- ասել է նա։
Բացի այդ, Կանադան կօգնի Կիևին F-16 կործանիչների վրա օդաչուների պատրաստման և Leopard 2 տանկերի սպասարկման հարցում, հավելել է Թրյուդոն։
Վարչապետը նաև հայտարարել է, որ «Կանադան և Ուկրաինան պայմանավորվել են աշխատել G7-ի իրենց գործընկերների հետ՝ ստեղծելու բարձրաստիճան գործիչների աշխատանքային խումբ, որը խորհրդատվություն կտրամադրի ռուսական ակտիվների, այդ թվում՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի առգրավման և բռնագրավման վերաբերյալ»: