Հրդեհից զոհված զինծառայողների հարազատների և մեղադրյալների հանդիպումը լարված է անցել

Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով կալանքի տակ գտնվող Եղիշե Հակոբյանը, Գոռ Աղեկյանը, Մառլեն Սարգսյանը կշարունակեն մնալ կալանավորված, այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանից։
Գործով առաջին դատական նիստը բավականին լարված մթոնոլորտում է կայացել, հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողներն առաջին անգամ մեղադրյալներին հանդիպել են հենց առաջին դատական նիստի օրը։ Դատական նիստում լարվածությունը, պաշտպան Հովսեփ Սարգսյանի գնահատմամբ․ պայմանավորված էր ինչպես մեղադրյալների նկատմամբ նախատրամադրվածությամբ, այնպես էլ՝ ընդդատության փոփոխման վերաբերյալ միջնորդության մերժմամբ։
Տուժող կողմն, անգամ, շիշ է շպրտել պաշտպանության կողմի նկատմամբ․ «Մթնոլորտը, այսպես ասած, շիկացած էր, լարված էր»։ Պաշտպանի նկատմամբ ևս որոշակի նախատրամադրվածություն կար՝ պայմանավորված սույն գործով պաշտպանություն իրականացնելու հանգամանքով։