Ղրղզստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ՝ սահմանային հարցերի կապակցությամբ

Դուշանբեում Ղրղզստանի դեսպան Էրլան Աբդիլդաևին կանչել են Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն՝ պաշտոնյաներից մեկի՝ սահմանային հարցերի վերաբերյալ հայտարարություններից հետո: Այդ մասին հայտնում է Տաջիկստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը հայտարարել էր Տաջիկստանին տարածքային պահանջներ ներկայացնելու հնարավորության մասին՝ հայտնաբերված նոր իրավական և պատմական փաստաթղթերի հիման վրա:
ԱԳՆ-ում չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ պատճառով է դեսպանը հրավիրվել նախարարություն։ Գերատեսչությունում ընդգծել են, որ սահմանային իրադրության մասին նման մեկնաբանությունները կարող են լուրջ վնաս հասցնել տաջիկա-ղրղզական սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացի ընթացքին, ինչպես նաև փոխադարձ վստահությանը: