Չանախի մածուն` «ապագայից» ու «Ֆորմալինով» լցոնված կաթնամթերք՝ անբարեխիղճ արտադրողներից
Այն, որ խանութներում հաճախ են հանդիպում ժամկետանց ապրանքներ, բոլորին է հայտնի։ Ու քանի որ գնորդների ճնշող մեծամասնությունը պարտադիր նայում է պիտակին՝ ժամկետանց սնունդ գնելուց խուսափելու համար, ուստի արտադրողները որոշել են ավելի «հնարամիտ» գտնվել։ Մի շարք արտադրողներ ապրանքի վրա գրում են դեռ չեկած օրվա ամսաթիվը։
«Չանախ» ՍՊԸ-ն էլ հետ չի մնացել ընդհանուր «խրախճանքից» ու, ներկայից 2 օր առաջ ընկնելով, գալիք օրվա ամսաթիվ է դրոշմել մածունի փաթեթավորման վրա։
Սեպտեմբերի 15-ին, փաստորեն, գնորդները ձեռք են բերել սեպտեմբերի 17-ի արտադրանք։
Զավեշտ և ողբերգություն։
NEWSPRESS.am-ը նման միջադեպ արձանագրել է նաև «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ-ն պիտանելության ժամկետի հետ կապված։ Երբ «Մարիաննա» ապրանքանիշի 400 գրամանոց թթվասերի վրա դեռ չեկած օրվա ամսաթիվ էին դրոշմել։
Բայց եթե նախորդ դեպքում թթվասերը գնել են Երևանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող մարզից (քանի որ Երևանից մարզեր կաթնամթերքն ուղարկվում է շաբաթը 1 կամ 2 անգամ, ուստի, հավանաբար, արտադրողը փորձել է երկարացնել պիտանելիության ժամկետ), ապա այժմ նաև Երևանի սուպերմարկետներում կարելի է «ապագայից եկած» կաթնամթերք գնել։
Սրանից բացի, կաթնամթերքի որակի հետ կապված կա նաև մեկ այլ խնդիր։ Մեր տեղեկություններով` կաթնամթերքի որոշ արտադրողներ, այդ թվում նաև մեր նշած «Չանախ» ՍՊԸ-ն, մեծ քանակությամբ կաթ գնելով, դրա մեջ լցնում է «Ֆորմալին»՝ կաթը թարմ պահելու համար։
Նրանց համար, ում անծանոթ է «Ֆորմալինը», նշենք, որ այն հայտնի է որպես հականեխիչ և ախտահանիչ։ Այն նաև օգտագործվում է լաբորատորիաներում, որպես ամրացուցիչ՝ մանրադիտակի տակ հյուսվածքների ուսումնասիրության համար և իրենից ներկայացնում է քիմիական նյութ։
Ստացվում է, եթե նույնիսկ ժամանակագրության հետ կապված կեղծարարություններ չարվեն, կաթնամթերքն արդեն իսկ վտանգավոր է, քանի որ այն պարունակում է իր մեջ քիմիական նյութ։
Սա խոսում է արտադրողների ագահության մասին, ովքեր առաջ դասելով իրենց բիզնես շահը՝ հետին պլան են մղել արտադրված սննդամթերքի որակական հատկանիշներն ու նաև դրանից բխող վտանգը։
Այնպես որ, NEWSPRESS.am-ը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին՝ լրջագույնս ուսումնասիրություններ կատարելու և զերծարարությունը բացահայտելու ակնկալիքով։
Արմինե Մկրտումյան