Մշակութային արժեքների ու հիշողության ոչնչացման առաքելությունը շարունակվում է. 1918 թ․ լույս տեսած հազվագյուտ հատորն ուղարկվել է զուգարանի թղթի արտադրամաս՝ ոչնչացման նպատակով. Դեմոյան (ֆոտո)

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամերիկյան «Թայմ» շաբաթաթերթի առաջին էջին հայազգի Նիկիտա Բալիև (Բալյան) է, գրող, թատերագիր, դերասան և հանդիսավար։ Իր ջանքերով Ռուսաստանում հիմնած «Չղջիկ» թատերախումբը 1920-30-ական թթ․ մեծ հեղինակություն էր վայելում Ֆրանսիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Երկրորդ լուսանկարում Ն․ Բալիևի հայտնի թատերախմբի քսանամյակի կապակցությամբ 1918 թ․ լույս տեսած հազվագյուտ հատորն է, որը հարյուրավոր նմանատիպ գրքերի, թերթերի, լուսանկարների ու լուսանկարչական ալբոմների հետ միասին ուղարկվել են զուգարանի թղթի արտադրամաս՝ ոչնչացման նպատակով։ Այսպիսով ոչնչացվել է «Հայկական թատերական ընկերակցության» արժեքավոր գրադարանն ու արխիվը։ Դրանց մի մասը, որը հաջողվել է փրկագնել, կրում են ընկերակցության կնիքը։
Այս քստմնելի ու աղաղակող հանցագործությունների կապակցությամբ ներքին հետաքննություն անցկացնելու ԿԳՄՍ ուղարկված իմ գրավոր առաջարկը մնացել է անարձագանք, այնպես ինչպես չի արձագանքում Հանրային հեռուստաընկերությունը՝ դպրոցական դասագրքերի խայտառակ տպագրության, ամբողջական թանգարանային ու բուհական գրադարանների ու արխիվների ոչնչացման ու մեղավորների հայտնաբերման թեմաներին։
Մշակութային արժեքների ու հիշողության ոչնչացման առաքելությունը շարունակվում է․․․»: