Բարեկարգում են, ձեռքի հետ էլ` յուրացնում. Մալաթիա-Սեբաստիայի հանրային այգուն կից ապօրինաշինություն է իրականացվում (լուսանկարներ)
Մալաթիա-Սեբաստիավարչական շրջանի բնակիչներն ահազանգել են NEWSPRESS.am-ի խմբագրություն. Անդրանիկ 54 հասցեում տեղակայված հանրային օգտագործման այգին ինչ-որ անհատներ փորձում են ապօրինի յուրացնել։
Մեզ հետ զրույցում ահազանգող քաղաքացիները նշեցին՝ այգում եղել է տաղավար, որը քանդել են։ Այժմ կառուցվել է հուշակոթող` նվիրված Արցախյան պատերազմի հերոսին, իսկ թաղապետարանն էլ փորձում է բարեկարգել տարածքը` նոր տաղավար ու երեխաների համար սղարաններ տեղադրելով։


Սակայն, ինչպես ասում են, մի ձեռքով բարեկարգում են, մյուս ձեռքով՝ թույլատրում, որ ապօրինի յուրացումներ կատարվեն։
Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը նշեց, որ հուշակոթողի անմիջապես հետևում` 8մx15մ տարածքում (120 քառակուսի մետր), կամայական կառուցապատում է իրականացվում։ Հիշյալ տարածքը ցանցապատված է, և ապօրինաշինություն է իրականացվում։
Բնակիչների տեղեկություններով՝ այգուն պատկանող հանրային վայրում քաղաքացու կողմից յուրացում է կատարվել և կառուցվում է ավտոտնակ։
Ասում են` նախկինում էլ որպես վարսավիրանոց է գործել։
Լուսակարում` հուշակոթողի հետևի հավածում իրականացվել է ապօրինի շինություն




Բնակիչները բազմիցս խնդրել են թաղապետին, որ իր միջնորդությամբ, հիշյալ անձի կառուցապատումը գոնե մի քանի մետր հեռու իրականացվի։ Սակայն բնակիչների ձայնը մնացել է անպատասխան։
Օրերս էլ վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանն է եղել Անդրանիկ 54 հասցեում` տեղում ծանոթանալու կատարվող շինարարական աշխատանքներին։
Բայց միայն կատարվող աշխատանքների մասով է հրանահանգներ տվել, իսկ հուշարձանի կից տեղի ունեցող ապօրինաշինության մասով ոչինչ չի ասվել։
Լուսանկարներում` վարչական շրջանի ղեկավարի շրջայցը



Բնակիչները հստակ չասացին, թե ով է տարածքն ապօրինի զավթողը, բայց վստահեցնում են, որ վարչական շրջանի ղեկավարի թողտվությամբ է տեղի ունեցել ամեն ինչ։
«Ասում են` իրա ծանոթն ա, խոսքն անցնում ա մոտը, չգիտեմ, ու հիմա էլ իրանով ա անում»,– ասաց մեր զրուցակիցը։
Իհարկե, այս խնդրով NEWSPRESS.am-ը կստանա նաև թաղապետարանի պատասխանը, երբ «Weekend»-ից հետո վարչական շրջանի ղեկավար անձնակազմը կվերադառնա աշխատանքի։
Արմինե Մկրտումյան