Ինչ կապ ունի վարչության նորանշանակ պետը պետությունից գումարներ հափշտակելու մեջ մեղադրվող ընկերության հետ
Երևանի քաղաքապետարանում ներկայացրել են Տրանսպորտի վարչության նոր պետին՝ Վազգեն Հարությունյանին: Ու քանի որ նրա նկարն ու կենսագրական տվյալները բացակայում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում, ուստի NEWSPRESS.am-ը կփորձի հնարավորինս հակիրճ ներկայացնել դրանք։


Եվ այսպես.
Ոչ այնքան վաղ անցյալում, Վազգեն Հարությունյանն սկսել է ղեկավարել «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն ու, թերևս հաջողություններ չգրանցեր, եթե նրան «հովանավորներ» չհայտնվեին:
Մեզ հասած տեղեկություններով՝ Վազգեն Հարությունյանն անմիջական կապ ունի ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքներ իրականացնող «Ուկռինվեստ» ՍՊԸ -ի հետ, որի «դրածո» ղեկավարները մեղադրվում են կոռուպցիոն սխեմաներ իրականացնելու և պետությանը խոշոր չափով գումարների վնաս հասցնելու մեջ:
Բայց սկզբից՝ հնարավորինս սեղմ
Դեռևս 2016-ին ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի կողմից ստեղծված «Լուսանշան» ՊՈԱԿ-ը 2018-ի մայիսին լուծարվեց, քանի որ դրա գործունեությունը կասկածի տակ էր դրվել:
Բայց Գևորգ Հարությունյանը չնահանջեց։
Ինչպես տեղեկանում ենք այն ժամանակ Հատուկ քննչական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունից, Հարությունյանն իր հորեղբոր թոռան՝ Էդուարդ Հարությունյանի (որոշ լուրերի համաձայն՝ վերջինս Քեթրինի Միհրանի «աջ ձեռքն» էր) «դեմքով» հիմնում է «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն և մասնակցում գնման գործընթացին:
Գևորգ Հարությունյանն այս գործընթացում ներգրավում է նաև իր կուրսընկեր Հակոբ Ստեփանյանին՝ նշանակելով նրան տնօրեն, ինչպես նաև, այսօր արդեն Տրանսպորտի վարչության պետի Ժ/Պ նշանակված Վազգեն Հարությունյանին:
Մի խոսքով՝ ծանոթ-ազգական-խնամի-բարեկամ ջերմ միջավայրում, այս ընկերությանը հաջողվում է իրենց ձեռքը վերցնել ճանապարհային գծանշումների, ինչպես նաև երթևեկության նշանների և լուսացույցային օբյեկտների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքներն ու նաև «կարմիր գծերի» մենաշնորհը: Վերջինս, պետական շղարշի ներքո, անցավ հենց Վազգեն Հարությունյանի տնօրինմանը:
Ոչ մեր, այլ հենց ՀՔԾ-ի բնորոշմամբ, այս հանցավոր խմբին հաջողվել է պարալիզացնել քաղաքը, մասնակցել գնման գործընթացին ու, նվազագույն գներ առաջարկելով՝ շահել քաղաքը սպասարկելու տենդերը:
Այլ կերպ ասած՝ ըստ ՀՔԾ հաղորդագրության, «Ուկռինվեստ» ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:
Այս խմբից մի քանիսը ձերբակալվել են, որից հետո մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հարկ է նկատել, որ այս խումբն իր գործունեությունը չի դադարեցրել ու շարունակում է աշխատել նույն սխեմայով՝ այժմ էl մեկ այլ անվան ներքո, ու նույն «հաջողությամբ էլ», (Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով) ոստիկանությունն այս ընկերության հետ մի քանի հարյուր միլիոնի հասնող գնման պայմանագրեր է կնքում:
Ինչ վերաբերում է Վազգեն Հարությունյանին, ապա, ըստ մեր ստացած տեղեկությունների, լինելով այս շղթայի մեջ, վերջինս վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, հեշտությամբ ու առանց արգելքների կառավարելու է աշխատանքային պրոցեսն ու իր հովանավորության տակ գտնվող և պետությունից գումարներ հափշտակելու մեջ մեղադրվող ընկերությանը բերելու է մենաշնորհային դաշտ:
Արմինե Մկրտումյան