ԱԺ նախագահը Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա երկրամասի վարչապետ Միխայել Կրեչմերը:
Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովից, Ալեն Սիմոնյանը նշել է, որ Գերմանիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը կարեւոր է Հայաստանի համար:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած անվտանգային խնդիրների մասին:
«Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքները, հայ ռազմագերիների իրողությունը, Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, Ադրբեջանի դեմ Արդարադատության դատարանի որոշման շրջանցումը հարցականի տակ են դնում ժողովրդավար պետության ապագան այս աշխարհում»,- ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ գերմանացի գործընկերներից ակնկալում է աջակցություն Հայաստանին՝ ապացուցելու, որ ժողովրդավար պետությունը պաշտպանված է: