ԱՄՆ-ն և ԵՄ-ն համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Չինաստանի դեմ
ԱՄՆ-ը և Եվրամիությունը (ԵՄ) երկօրյա ռազմածովային զորավարժություններ են անցկացրել՝ հիմնված Չինաստանի դեմ կողմերի հնդխաղաղօվկիանոսյան ռազմավարության վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
«2023 թվականի մարտի 23-ին և 24-ին Եվրամիությունը և Միացյալ Նահանգները համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացրեցին, ինչպես պայմանավորվել էին 2022 թվականի դեկտեմբերի 2-ին ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի խորհրդակցությունների հանդիպման ժամանակ»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ զորավարժություններին մասնակցել են ամերիկյան «USS Paul Hamilton» ռազմանավը, իսպանական «Reina Sofia» նավը, որը կապված է ԵՄ ՌԾՈւ Ատալանտա օպերացիայի հետ, և իտալական «Carlo Bergamini» նավը, զորավարժությունների ընթացքում անցկացվել են վարժանքներ՝ ուղղված բեռնաթափման ընթացակարգերի բարելավմանը, նավագնացությանն ու ինտեգրմանը։
Հայտարարության մեջ, որում նշված չէ, թե որտեղ են անցկացվել զորավարժությունները, նշվում է հետևյալը. «Զորավարժությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ պարտավորությունների մի մասն են կիրառական ծովային համագործակցության վերաբերյալ, որն ուղղված է ազատ և բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածքի խթանմանը, որոնք համահունչ են այնպիսի փաստաթղթերին, ինչպիսիք են ԵՄ ռազմավարական կողմնացույցը, ԵՄ Հնդկա-խաղաղօվկիանոսյան համագործակցության ռազմավարությունը և ԱՄՆ-ի հնդկա-խաղաղօվկիանոսյան ռազմավարությունը: Միացյալ Նահանգները և ԵՄ-ն հաստատում են, որ նրանք կշարունակեն համատեղ աշխատանքն ու համակարգումը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան ծովային անվտանգության համար և կձգտեն խթանել ծովերի օգտագործումը միջազգային իրավունքի համաձայն»: