Մեղադրում էինք նախկիններին հոլանդիաներից ծաղիկ բերելու, դրանով «փող ուտելու» մեջ. սակուրաների գնումը պիտի ուսումնասիրվի. Իզաբելլա Աբգարյան
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է սակուրա ծառատեսակների տնկիներին ու ծառահատումների խնդրին։
Նա մասնավորապես գրել է. «Տատս ասում էր (կներեք) «ծակ թմբանով ճակտին մարգրիտ կշարեն»:
Հիմա մեր սակուրաներն ա, որ Հոլանդիայից են պատվիրել (գնումը ևս պիտի ուսումնասիրվի):
Մեր տեղական լավ ծառատեսակներին ի՞նչ ա եղել, որ դրսից բերենք:
Ի դեպ, Իմ քայլը երևի չի հիշում (ոնց հասկանում եմ` միայն ես եմ Հայկի հետ աշխատել, ինձ պատասխանատու զգում), որ իշխանության գալուն պես հայտարարել էինք, որ տեղում են տնկվելու, նաև մեր տնկարաններում, որ իզուր միջոցներ չծախսվեն:
Ավելին, մեղադրում էինք նախկիններին հոլանդիաներից ծաղիկ բերելու, դրանով «փող ուտելու» մեջ:
Երևանը նաև տեղային բիզնեսի համար խոշոր պատվիրատու է, որ փողն էլ ներսում մնա:
Ճիշտ պլանավորման դեպքում քաղաքը մեկ֊երկու տարի առաջ կարող է հայտարարել, թե ինչի կարիք է ունենալու, որ տեղական բիզնեսը պատրաստվի:
Ֆրանսիացի գործընկերս ժամանակին պատմել էր, որ քաղաքը բուկլետ֊կատալոգ է հրապարակում սպասվող շինարարական նախագծերի, պրեզենտացիա անում, որ գալիք տարվա համար նախապատրաստվեն ընկերությունները»: