Դպրոցներում զինված մարդիկ չպետք է լինեն. ԿԳՄՍ նախարար
Դուք չեք գտնի որևէ գրություն, նամակ, շրջաբերական՝ նախարարության կողմից։ Նախարարությունը դա հերքել է։ Գալով և այստեղ կրկնելով արդեն շատ հայտնի ապատեղեկատվությունը, թե ինչ նպատակ եք հետապնդում դա վերարտադրելով, ուղղակի թողնում եմ ձեր հայեցողությանը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է նախարարը հայտարարել ռազմահայրենասիրական դասերի արգելման մասին։
Նախարարը ևս մեկ անգամ կրկնեց, որ նման գրություն չի եղել։ Դա պարզ, կեղծ տեղեկատվություն է, որը միտումնավոր տարածվել է շատ պարզ նպատակներով՝ թիրախավորել և ձևավորել այնպիսի մի պատկերացում, որ այստեղ նստած են ազգադավ մարդիկ, որոնց միակ նպատակը մեր դպրոցը քանդելն է։
«Խորհուրդ եմ տալիս այդ բոլոր մարդկանց գնալ և տեսնել, թե ինչ են արել այդ դպրոցների հետ տարիներ շարունակ մեր աչքերի առաջ, մեր լռության առաջ կամ ոչ բավարար ձայնի առաջ և լռել ուղղակի։ Նման բան չի եղել։ Դպրոցներում բոլոր պարապմունքներն ու խմբակները շարունակվում են ինչպես և կարգն է։ Իսկ կարգը սահմանվել է նախարարի հրամանով։ Ինչ վերաբերում է այն փաստին, որը միտումնավոր խեղաթյուրվեց, վերաբերում էր մի բանի, որ ռազմական, զինված բնույթի կազմավորումները չտեղակայվեն ուսումնական հաստատությունների շենքերում։ Որովհետև դա առաջին հերթին վտանգ է ստեղծում ուսումնական հաստատության աշխատակիցների և երեխաների համար։ Ու սա միջազգային հռչակագիր է, որին միացել է Հայաստանը 2017թ․-ին, և որին չի միացել Ադրբեջանը, որպեսզի կարողանա տեղակայել և հետո հնարավոր իրավիճակներում մեղադրանքներ ուղղել, որ վնաս է պատճառվում, օրինակ, ուսումնական հաստատություններին։ Սա պարզ նորմ է․ զինված մարդիկ չպետք է լինեն դպրոցներում։ Եթե որևէ մեկն այլ կերպ է կարծում, ապա կարծում եմ, որ շատ լուրջ կարիք ունի հիմնավորել իր մոտեցումը, որ մեր երեխաների անվտանգությունն ու պաշտպանությունը ապահովվի»,- նշեց Անդրեասյանը։