Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երևան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան
«Մի կյանքից ավելի» հուշագրությունը պատմում է ամենահասարակ մարդկանց մասին, որոնք Սովետական միության տարիներին և անկախ Հայաստանում նվիրական գործունեություն ծավալել իրենց պետության անվտանգության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գրքի հեղինակ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Սուրեն Սարգսյանի գիրքն իր հոր` դեսպան, պետանվտանգության գնդապետ Արմեն Սարգսյանի կյանքի մասին է։
«Շատ կարևոր իրադարձությունների եմ անդրադարձել, գրել եմ, մասնավորապես՝ Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին գաղտնի պայմաններում Երևան տեղափոխելու օպերացիայի մասին, որը հայրս՝ Արմեն Սարգսյանն էր իրականացրել։ Սրա վերաբերյալ այլ տեղեկություններ ի հայտ եկան, որոնց մասին պատկերացում չունեի։ Հայրս որևէ բան չէր պատմել, հիմնականում գործընկերները, ընկերներն են պատմել։ Երբ խոսում էի հարցազրույցում այդ օպերացիայի մասին, ինձ հետ կապվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, հրավիրեց իր առանձնատուն և ներկայացրեց լրացուցիչ տեղեկություններ Մոնթեին Հայաստան տեղափոխելու օպերացիայի վերաբերյալ։
Ինքն այդ ժամանակ Գերագույն խորհրդի նախագահ էր։ Հորս գործունեության մասին շատ մանրամասներ ճշտել եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։ Տեղեկություններն անընդհատ գալիս էին, և ես ստիպված էի դրանք ճշտել և շատ դետալներ ներառել։ Գիրքն այդ առումով բավականին հարուստ է։ Գիրքը նաև այն մասին է, որ այսօրվա պետական ծառայողների համար սերունդը լրջագույն ազդեցություն պետք է ունենա, և որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ լուրջ անելիք և պարտք ունի իր երկրի առջև»,- նշեց Սարգսյանը։