Թող Զախարովան ուշադրություն դարձնի՝ ի՞նչ արձագանք է եղել ՌԴ առաջարկին Ադրբեջանի կողմից․ Ալեն Սիմոնյան
Անկախ ամեն ինչից, ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է ՀՀ-ի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով: Կրկնում եմ՝ անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ ամենալավ, ամենալավատեսական բանակցությունները լինեն, միևնույն է ամեն օր զբաղվել ենք, զբաղվում ենք և զբաղվելու ենք Հայաստանի պաշտպանողականությունը բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Զախարովայի արձագանքներին՝ կապված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, Սիմոնյանը նշեց. «ՌԴ առաջարկները, որոնք մինչև օրս եղել են, մշտապես ՀՀ-ի կողմից ընդունվել են: Խնդիրը եղել է ադրբեջանական կողմի անհամաձայնության մեջ: Կարծում եմ՝ բոլոր փաստաթղթերի և առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ-ն պետք է ուշադիր լինի Ադրբեջանի կողմի արձագանքին, քանի որ Հայաստանը ՌԴ առաջարկներին 99% դեպքերին միշտ համաձայնություն տալիս է: Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում, օրինակ, Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, թե ինչ արձագանք է եղել Ադրբեջանի կողմից»: