Թատրոններն իրար խառնելը լավ բան չի՝ ամեն մի թատրոն իր պատմությունն ու անցած ճանապարհն ունի․ ձեռք մի տվեք «Գոյ» թատրոնին․ Թոխատյան (տեսանյութ)
ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն անդրադարձել է «Գոյ» թատրոնի լուծարման խնդրին։
«Թատրոն նեղացնելը լավ բան չի։ Թատրոն փակելն էլ լավ բան չի, թատրոններն իրար խառնելը լավ բան չի, որովհետև ամեն մի թատրոն ունի իր պատմությունն ու իր անցած ճանապարհը»,- ասաց Հրանտ Թոխատյանը՝ հավելելով, որ թատրոն փակելը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է։
Ինչ վերաբերվում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանին, ապա Հրանտ Թոխատյանը նկատում է, որ նրա բեմադրած ներկայացումները լեփ-լեցուն դահլիճներով են անցնում և արժանացել են այն հեղինակությանը, որ քիչ ներկայացումներ են նման բախտի արժանանում։
Թոխատյանը նկատում է, որ այդ ներկայացումներով միայն հպարտանալ կարելի է և ներկայացնել միջազգային թատերաբեմում։
Նա դիմում է ԿԳՄՍՆ-ին․
«Իմ խնդրանքը, առա՛յժմ խնդրանքը, ձեռք մի տվեք «Գոյ» թատրոնին։ Էդ թատրոնը պետք է մեզ՝ դերասաններին, մեզ՝ հանդիսատեսին և բոլոր նրանց, ովքեր զբաղվում են թատրոնով կամ՝ չեն զբաղվում, բայց շատ են սիրում թատրոնը»,- ասաց Հրանտ Թոխատյանը։