Հայաստանն աշխատում է Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշումը չկատարելու հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու ուղղությամբ․ Կիրակոսյան
ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը բարձրացնելու ուղղությամբ։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նիստի ժամանակ այսօր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը բարձրացնելու ուղղությամբ աշխատում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը:
Կիրակոսյանը հայտնեց, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ համաձայն ՄԱԿ-ի և դատարանի կանոնադրության, և այն Ադրբեջանի կողմից ենթակա է պարտադիր կատարման:
«Մենք, ցավոք, առերեսվում ենք իրականության հետ, որ Ադրբեջանն առհասարակ անտեսում է որոշումը, ոչ միայն անտեսում է, այլև ամենաբարձր պաշտոնական մակարդակից մինչև ցածր պաշտոնական մակարդակներում փորձում է նաև աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև վերջերս արտահայտվել էր Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որին, ի պատասխան, նամակ ներկայացվել է նաև մեր նախարարի կողմից»,-նշեց Կիրակոսյանը:
Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի կիրառման պրակտիկանավելի լայն է, քան կիրառման հնարավորությունները: Դեպքեր են, եղել, երբ փորձել են դատարանի միջանկյալ որոշումները կամ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումները ներկայացնել Անվտանգության խորհուրդ, բայց ցավոք դրանք հաջողությամբ չեն պսակվել:
«Մեր պարագայում կարծում եմ՝ անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել: Ես գիտեմ, որ ԱԳ նախարարության գործընկերներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Շատ կարևոր է, որ Անվտանգության խորհրդում հարցը բերվի օրակարգ: Եվ պետք է հնարավորինս օգտագործելով բոլոր դիվանագիտական խողովակները՝ այդ ուղղությամբ աշխատանք տարվի հարցի բարենպաստ քննարկում ապահովելու համար»,-ասաց Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Հաագայի դատարանը փետրվարի 22-ին պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ: Արդարադատության միջազգային դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: