Լուսինե Կիրակոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը ծայրահեղ ծանր է
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Բուժհաստատությունից 168.am-ին հայտնել են, որ դերասանուհին երեկ շտապօգնության մեքենայով է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո դերասանուհու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք.
«Պարզվեց, որ Լուսինե Կիրակոսյանը մի քանի օր այդ վիճակում տանը մենակ է գտնվել: Երբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, սատուրացիան բավականին ցածր է եղել: Մի քանի հետազոտություն անցնելուց հետո նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, այս պահին էլ շարունակում է այնտեղ մնալ:
Թեպետ դերասանուհու գիտակցությունը տեղն է, ինքնուրույն է շնչում, ապարատ միացված չէ, սակայն բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում»:
Էրեբունի բժշկական կենտրոնից անդրադառնալով լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկություններին, թե դերասանուհու բուժման համար գումար է հարկավոր, ասացին.
«Քանի որ Լուսինե Կիրակոսյանը կարգ ունի, նրա ամբողջ հետազոտություններն անվճար են արվել, իսկ վերակենդանացման բաժանմունքում բուժումը բոլոր քաղաքացիների համար անվճար է: Էրեբունի ԲԿ-ում որևէ մեկն իր հարազատներից, ընկերներից ոչ մի բան չի պահանջել, ոչ գումարային, ոչ էլ դեղորայքային տեսքով, ես չգիտեմ՝ թե այդ հայտարարությունն ովքեր են անում, ինչի համար: