«Կվտարեմ»․ Դրախտիկ գյուղի ղեկավարը սպառնում է 7 երեխայի միայնակ մորն ու ենթարկում կտտանքների, Ճամբարակի համայնքապետն էլ աչք է փակում այդ ամենի վրա

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչներն ահազանգում են՝ տեղի իշխանության կողմից անտեսված ու արհամարհված են։
Մասնավորապես, Դրախտիկի բնակչուհի 40-ամյա Լուիզա Կարապետյանն ունի 7 երեխա և բազում խնդիրներ։ Նա միայնակ մայր է։ Երեխաներից 5-ն անչափահաս է, մյուս երկուսից մեկն առողջական խնդիրներ ունի, մյուսի 18-ը նոր է լրացել ու շուտով ժամկետային ծառայության է մեկնելու։
Տեղի իշխանության հոգածությանն արժանանալու փոխարեն՝ ընտանիքն անընդհատ արժանանում է գյուղի վարչակազմի կտտանքներին, արհամարհանքին ու անտարբերությանը։
Լուիզայի ու նրա ընտանիքի խնդիրների մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց նրա հարևանուհին։ Ինքը՝ Լուիզան, հուզված էր իր նկատմամբ, հենց նույն օրն առավոտյան ցուցաբերված անտարբերությունից ու չկարողացավ խոսել։
Հարևանուհին արագ իր ձեռքը վերցրեց իրավիճակն ու պատմեց, որ հենց այսօր՝ մարտի 16-ի առավոտյան, Լուիզա Կարապետյանն իմացել է, որ Դրախտիկ է գալու Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը ու որոշել է դիմել իր ընտանիքի խնդիրներով (մենք մի առիթով արդեն անդրադարձել ենք Լուիզայի ընտանիքի խնդիրներին)։
Սակայն հենց դռան մոտից ոչ միայն նրան ներս չեն թողել մտնել, այլև արժանացել է անպարկեշտ ու անվայել բառերով վիրավորանքների։
«Համակարգչային օպերատորը՝ Վարդան Խեչոյանը (ով, ըստ կնոջ պատմածի, զբաղվում է գյուղի փաստաթղթային հարցերով), դռան շեմից ներս չի թողնում։ Լուիզան ասում ա՝ գիտեմ, որ Վազգեն Ադամյանն եկել ա, ի՞նչ կլինի, խնդրում եմ, թող մտնեմ ներս, տեսնեմ իրեն։ Վարդանն էլ վերջին բառերով վիրավորում ա Լուիզային։ Էդ տարածքում լիքը տղամարդիկ են լինում, սաղ լսում են դրա անվայել վիրավորանքները․ էլ լկտի, էլ փողոցային, պետք ա դուք սատկեք․․․ ու էլի շատ անվայել խոսքեր»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ բոլորը կանգնած նայել են, թե ինչպես է Վարդանը վիրավորում կնոջը։
Նա նկատեց, որ վարչական շրջանի ղեկավարը՝ Միշիկ Առաքելյանն 80 տարեկան է ու նա էլ հետ չի մնում իր ոչ կոռեկտ պահվածքով։
Կինը պատմեց, որ օրեր առաջ էլ դարձյալ օգնություն էր եկել գյուղ։ Զոհվածների ու բազմազավակ ընտանիքների երեխաներին, այդ թվում նաև՝ Լուիզա Կարապետյանի, ոչինչ չի հասել։ Մեր զրուցակցի խոսքով, ամբողջը բաժանել են իրենց մտերիմներին՝ ըստ իրենց կամայականության։
«Միշիկ Առաքելյանն ասում ա՝ լավ ենք անում, ում ուզում եք, գնացեք բողոքեք»,- ասաց կինը։
Նա ընդգծեց, որ նույն վերաբերմունքը բոլորի նկատմամբ է։
Մեր զրուցակիցը նշեց, որ խնդրով անգամ մարզպետարան են դիմել, սակայն նույն անտարբերությունն է։
Ընտանիքի երեխաներն անգամ դպրոցում խնդիրներ ունեն։ Կինը պատմեց, որ Լուիզայի աղջիկներից մեկին 12-րդ դասարանից մի աշակերտ վիրավորել ու ծաղրել է։ Իսկ երբ մայրը դիմել է դպրոցի տնօրենին՝ Նազիկ Բաբաքոխյանին, վերջինս ոչ միայն աչք է փակել կատարվածի վրա, այլև կնոջը վիրավորել ու տուն է ճանապարհել, թե՝ ի՞նչ ես ուզում, հերիք է գաս դպրոց։ Մեր զրուցակցի խոսքով, անգամ դպրոցի մանկական տեսուչին են դիմել խնդրով, սակայն դարձյալ ոչինչ չի փոխվել։
«Էդ 12-րդ դասարանցու մերն էլ ճաշարանում ա աշխատում՝ հակահիգիենիկ պայմաններում։ Եղունգները երկար, առանց համազգեստի ու գլխարկի ճաշարանում սննդի հետ է աշխատում։ Անգամ մարզպետարան ենք դիմել, բայց դրանք էլի նույն ձևով շարունակում են աշխատել։ Թքած ունեն բոլորիս վրա․ ինչ ուզում՝ անում են»,- ասաց մեր զրուցակիցը։
Նկարում՝ Դրախտիկի դպրոցի տնօերն Նազիկ Բաբաքոխյանն է
Հարկ է նկատել, որ երբ առավոտյան գյուղապետարանում Լուիզայի նկատմամբ վատ են վերաբերվել ու դուրս վռնդել, նա դիմել է ոստիկանություն՝ իր նկատմամբ ոտնձգություններ կատարելու հաղորդմամբ։
Երբ արդեն նյութը գրեթե պատրաստ էր հրապարակման, Լուիզայի մտերիմներից մեկը մեզ զանգահարեց ու ասաց, որ ոստիկաններն ահազանգի հետքով եկել են։
Վարչական շրջանի ղեկավար 80-ամյա Միշիկ Առաքելյանն էլ մատ է թափ տվել կնոջ վրա՝ սպառնալով, որ կզրկի բոլոր տիպի օգնություններից ու կվտարի գյուղից։
Ավելին՝ վերջինս նաև սպառնացել է վտարել բոլոր նրանց, ովքեր կանգնել են Լուիզայի կողքին ու օգնել նրան բարձրաձայնելու խնդիրը։
«Ես նրանց էլ կվտարեմ»,- ասել է Միշիկ Առաքելյանը։
Վերջում ներկայացնում ենք Լուիզա Կարապետյանի տխուր պատմությունը, որը նկարահանվել է 4 տարի առաջ։
Արմինե Մկրտումյան