Այգում գիրք կարդացող կնոջն առանց օրինական հիմքի, ընթերակաների բացակայությամբ խուզարկության ենթարկած ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Այգում գիրք կարդացող կնոջն անօրինական հիմքով, առանց ընթերակաների մասնակցության, անձնական խուզարկության ենթարկած ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հենց տեսանյութի տարածման օրը ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ ծառայողական քննություն է նշանակվել։
Հիշեցնենք, որ երեկ տեսանյութ է տարածվել սոցիալական ցանցերում, որտեղ արձանագրված է, թե ինչպես են այգում գիրք կարդացող կնոջը մոտեցել ոստիկանության ծառայողներ՝ զննություն կատարելու, ընդ որում, կնոջ անձնական զննության, խուզարկության ենթարկելու համար ոստիկանները որևէ հիմք չեն ներկայացրել, պարզապես՝ 4-5 կին ոստիկաններով մոտեցել են կնոջը և պահանջել բացել պայուսակը, գրպանները ցույց տալ և այլն։