Պետք է ամեն ինչ սկզբից մինչև վերջ, ստորակետի մակարդակով համաձայնեցնենք, նոր ստորագրենք. Փաշինյանը՝ «խաղաղության» պայմանագրի ստորագրման մասին

Մեր մասով ես դիրքորոշումն արտահայտել եմ: Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունն իր դիրքորոշումն արտահայտել է: Ես լրացնելու և արտահայտելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից Արցախի ներկայացուցիչներին Բաքու հրավիրելուն:
Անդրադառնալով «խաղաղության» պայմանագրին՝ Փաշինյանը նշեց, որ պայմանագրի առումով ճիշտ չէ առանձին վերցրած պարբերություն քննարկել, որովհետև այդ պարբերությունն ինքնին, եթե նույնիսկ լինի իդեալական ձևակերպում, միևնույն է, ոչինչ չի նշանակում, քանի որ մյուս պարբերությունների հետ փոխկապակցվածության մեջ է:
«Կարծումեմ, որ քանի դեռ պայմանավորված չէ ամեն ինչ, պայմանավորված չէ ոչինչ...ուստի այստեղ այդ սկզբունքն է գործում: Էնպես չէ, որ մենք պարբերություն առ պարբերություն պետք է ստորագրենք: Պետք է ամեն ինչ սկզբից մինչև վերջ, ստորակետի մակարդակով համաձայնեցնենք, նոր ստորագրենք: Ես տեսնում եմ քայլեր, որոշակի առաջընթաց: Եվ մենք շարունակելու ենք աշխատանքը՝ հնարավոր եզրակացության հասնելու համար: Ես էլի ուզում եմ խնդրել, կոչ անել, հորդորել, որ եթե մենք ունենք փաստաթուղթ, որը պատրաստ ենք ստորագրել, ապա դա վատ լուր չէ: Դա լավ լուր է, քանի որ դա նշանակում է, որ կա որոշակի առաջընթաց, որը կարող է բերել երկարատև խաղաղության և կայունության»,-նշեց Փաշինյանը: