Սեյրան Օհանյանի դեմ կատարվողն արդյոք նման չէ՞ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացրած «օպերացիային»․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

Իշխանությունն օպերացիաներ չի իրականացնում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողի հարցին, թե Սեյրան Օհանյանի դեմ կատարվողն արդյոք նման չէ՞ գերենալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ իրականացրած հայրենիքի հերոսից գող, թալանչի վերածելու «օպերացիային»:
Նա նկատեց, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված գործը դեռևս քննվում է, և ինքը չի պատրաստվում մեկնաբանություններ անել՝ հատկապես, երբ նա այլևս ողջ չէ։ Իսկ ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, ապա Ալեն Սիմոնյանը նկատում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։
«Եթե ինչ-որ մեկն ուսադիր ունի, կամ իրա փայատերերը ու հրաման տվողներն իրեն տարբեր կոչումներ են տվել՝ չի նշանակում, որ օրենքի առաջ իրենք հավասար չեն: Բոլորս՝ այդ թվում դուք և ես հավասար ենք օրենքի առաջ»,- հայտարարեց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ հերոսի գնահատականը պետք է ժողովուրդը տա, իսկ մնացածը ուռճացված և կենացների մակարդակի հասցված հարցեր են:
Լրագրողները հիշեցրին, որ գործող իշխանությունների կողմից հերոսի կոչում ստացած Անդրանիկ Փիլոյանը (ԱԻՆ նախկին նախարար-հեղ․) ներկայում բանտում է:
«Կարծում եմ՝ եկել է ժամանակն իրեն կոչումից զրկելու և վերանայելու Ազգային հերոս տալու ինստիտուտը և հասկանանք, թե արդյոք մարդիկ, որոնց նկատմամբ դատավճիռ կլինի, իրենք պետք է շարունակեն մնալ հերոս, ես կարծում եմ, որ եթե օրինական դատավճիռ կլինի, այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։