Ուզում եմ հանգստացնել ընդդիմությանը․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Թեև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ինքն է ընդունել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու 2-րդ միջնորդության քննարկումը փակ անցկացնելու ՔՊ առաջարկը, սակայն, չգիտես ինչու, սկսել է ափսոսալ, որ նիստը փակ էր։
«Ցավում եմ, որ նիստը փակ էր։ Այն, ինչի մասին մենք խոսում էինք, և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո հնչած թեմաները շատ հետաքրքիր պատասխաններ գտան»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Սիմոնյանը չի կարծում, որ ընդդիմության որևէ գործողություն վերջին ակցիաներից հետո, կարող է Հայաստանի ժողովրդին որևիցե բանից շեղել: Ու առհասարակ, ըստ Սիմոնյանի, ընդդիմությունը գերագնահատում է իրեն։
«Իրենք գերագնահատում են իրենց դերը հայաստանյան քաղաքական դաշտում ու իրենց քաղաքական գործունեությունը հենված է զուտ սահմանին տեղի ունեցող հարձակումների ու թշնամու կողմից արված քայլերի վրա դիվիդենտներ ու օրակարգեր ձևավորելու վրա: Կարող եմ հանգստացնել ընդդիմությանը․ եթե իրենց բոլորին էլ ձերբակալեն՝ որևէ ձևով հիմնական խնդիրներից Հայաստանի ժողովուրդը չի շեղվի, թող իրենց չգերագնահատեն», - հայտարարեց Սիմոնյանը: