ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կոչ է արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տարանցումը

Միացյալ Նահանգները իր դիտարկման ներքո է պահում Լաչինի միջանցքի հարցը, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Բաքվում և Երևանում իր դեսպանությունների միջոցով, և ես անձամբ ուշադրությամբ հետևում եմ զարգացումներին։
Այս մասին ի պատասխան ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նամակներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մայքլ Քարփենթերը։
«Կոչ եմ արել Ադրբեջանին և Ռուսաստանին՝ վերականգնել Լաչինի միջանցքով անխոչընդոտ տարանցումը` նախկին հանձնառություններին համապատասխան»,- նշել է դեսպանը։
Նա նաև հավելել է, որ իրենք կշարունակեն աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսին ԵՄ-ն է և ԵԱՀԿ-ն՝ հասնելու այս հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորմանը, որը շարունակվել է չափազանց երկար և խլել չափազանց շատ կյանքեր։