Աբովյան քաղաքում 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի, որոնցից 2-ը երեխաներ են
Այսօր՝ փետրվարի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է Shamshyan-ը։ Ժամը 09։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Խորեն Կարապետյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի և Կոտայքի խճուղու խաչմերուկում՝ Աբովյանի զինկոմիսարիատի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 5 հոգու։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները Opel-ի վարորդի և այդ պահին նշված վայրով անցնող «Kingmarshal» պահնորդական կազմակերպության աշխատակից Տիգրան Մարությանի ավտոմեքենաներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից 2-ը երեխաներ են։