Ռոբերտ Քոչարյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը միավորվել են` հանուն Ավինյանի քաղաքապետ դառնալու

Այսօր առավոտյան Քոչարյաններին պատկանող` Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ հեռանում է կայքից կրճատումների պատճառով: Ըստ լրագրողի` «ճգնաժամը սթաֆի մեծ մասին հարկադրեց հունվարից նոր ոլորտներ ու այլ լրատվամիջոց տեղափոխվել»:
Իհարկե, լրագրողական համերաշխությունը մեզ երբևիցե թույլ չէր տա մտնել «մատի և մատանու արանքը», բայց, մեր տեղեկություններով, ստեղծված իրավիճակը ոչ այնքան լրագրողական գործունեության պատճառով է, որքան քաղաքական որոշման հետևանք:
Այսպես. NEWSPRESS.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի հետ հետպատերազմական գործարքի, այն է` ընտրությունների գնացած, հետևանքում` պարտված իշխանությունը լեգիտիմացրած ու երկարաձգած Քոչարյանն այժմ կրկին համագործակցության ձեռք է մեկնել, այս անգամ` ոչ միայն գործող իշխանությանը:
Բանն այն է, որ Սուրմալուի պայթյունի զոհերի ֆոնին իր` քաղաքապետի թեկնածու լինելն ազդարարած Տիգրան Ավինյանի շուրջ են այս անգամ համախմբվել ներկա ու նախկին իշխանության օդիոզ ու մականունավոր դեմքերը, որոնց երեսից, ի դեպ, շատ անգամ Սերժ Սարգսյանի իշխանությունը պախարակվել է: Խոսքը Թոխմախի Մհերի և Չոռնի Գագոյի մասին է, գումարած` Գռզոն: Այս եռյակին էլ միացել է նույն ինքը` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Եվ ահա, վերջինս հրահանգել է իրեն պատկանող լրատվամիջոցին ակտիվորեն լուսաբանել/գովաբանել Տիգրան Ավինյանին, ինչն էլ առաջացրել է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձնակազմի դժգոհությունը:
Պարզ է, որ կրճատումները չէին կարող լինել ֆինանսական ճգնաժամի հետևանք. Քոչարյան ընտանիքի գործերը շատ լավ են` կրկին իշխանության անդամների հետ համագործակցության արդյունքում (այդ թեմային ևս առաջիկայում կանդրադառնանք):
Իհարկե, չենք բացառում, որ ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնի դեպքում, այնպես էլ Երևանի քաղաքապետի, Քոչարյանը ֆիկտիվ կերպով որևէ մեկին կառաջադրի և մարդիկ ստիպված կլինեն ընտրություն կատարել ոչ թե հանուն, այլ ի հեճուկս «ինչ-որ մեկի», ճիշտ այնպես, ինչպես եղավ 2021-ին...