«Ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը․ միջազգային իրավունքի փորձագետի ելույթը՝ Հաագայի դատարանում

«Ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումների ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ, իրավախորհրդատու Կոստանտինոս Սալոնիդիսը՝ հավելելով, որ ԼՂ–ում իրավիճակը շարունակում է ծայրահեղ վիճակում մնալ։
Նրա խոսքով՝ կարևոր հարցերից մեկը, որի մասին ուզում է խոսել, նաև խնդրի լուծման հրատապությունն է։
«Կա հրատապություն այն իմաստով, որ կա դեպքերի հետևանքների իրական և վերահաս ռիսկ։ Այսինքն՝ ռիսկ, որը կարող է վրա հասնել մինչև դատարանի կողմից հարցի վերջնական լուծումը»,- ասաց նա։
Կոստանտինոս Սալոնիդիսը բացատրեց, թե ինչու է խնդիրն օրհասական և հրատապ լուծում պահանջող։
Նա Լաչինի փակման օրվանից օր առ օր մատնանշեց, թե ինչ զրկանքների ու խնդիրների առաջ է կանգնել ԼՂ բնակչությունը, թե ինչպես է զրկվել սննդից, դեղորայքից, գազից, լույսից, կրթությունից ու մի շարք կենսական նշանակության այլ ապրանքներից ու պայմաններից։
«Ավելի քան 1000 մարդ կտրված է իր ընտանիքից, այդ թվում` հարյուրավոր երեխաներ։ Պատկերացրեք` 50 օր շարունակ, ամեն րոպեի ընթացքում ինչ են զգացել այդ երեխաներն ու նրանց ծնողները։ Ավելին, շատերն իրենց հարազատների թաղման արարողությանը չեն կարողացել մասնակցել, քանի որ Լաչինի միջանցքով անցնել չեն կարող, անցնում են միայն ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Այսինքն՝ «ցուցարարներն» իսկապես վերահսկում են ԼՂ բնակիչների կյանքը և մահը»,- ասաց Սալոնիդիսը։
Նրա խոսքով՝ ԼՂ–ում քիմիաթերապիա հնարավոր չէ հիմա ստանալ, ուստի բուժվելու հնարավորությունները զրոյանում են։ Սալոնիդիսը հավելեց, որ ԼՂ-ում գրեթե ողջ տնտեսական գործունեությունը կանգ է առել` 5000 մարդ զրկվել է աշխատանքից։ Նա ամփոփեց` ասելով, որ Ադրբեջանն արգելում է միջազգային որևէ առաքելության մուտքը ԼՂ և ստեղծված իրավիճակում հումանիտար աղետի ռիսկն օր օրի ավելանում է։
Կոստանտինոս Սալոնիդիսը նկատեց, որ հումանիտար ճգնաժամի ռիսկն օրեցօր ահագնանում է։ Նա նաև նկատեց, որ Ալիևն անտեսում է միջազգային հանրության կոչերը՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին։
«Եթե Հաագայի դատարանը չմիջամտի՝ հումանիտար ճգնաժամը կշարունակվի»,- իր ելույթը եզրափակեց միջազգային իրավունքի փորձագետը։