Եգիպտոսի և Ադրբեջանի միջև ազատ առևտրի համաձայնագրերը մեծ նշանակություն ունեն. Եգիպտոսի նախագահ

Բաքվում մեր հանդիպումներում խոսվել է Եգիպտոսում օտարերկրյա ներդրողների համար գոյություն ունեցող խոչընդոտների վերացման, նրանց համար պայմաններ ստեղծելու և իրավական ընթացակարգերի հետագա դյուրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին։ Ադրբեջամական APA-ն հայտնում է, որ այդ մասին Եգիպտոսի նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսին ասել է մամուլին տված հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով, որ Եգիպտոսը աֆրիկյան մայրցամաք տանող դարպասի դեր է խաղում, մենք ընդգծեցինք մեր երկրների միջև ազատ առևտրի ոլորտում ստորագրված համաձայնագրերի կարևորությունը։ Միևնույն ժամանակ ես ընդգծեցի Բաքվի և Շարմ էլ Շեյխի միջև ուղիղ չվերթների քանակի ավելացման կարևորությունը, ինչը կնպաստի մեր համագործակցությանը տնտեսության և առևտրի ոլորտներում»,- ասել է նախագահ Աբդուլֆաթահ Ալ-Սիսին։
Նա նշել է, որ Եգիպտոսն աջակցում է և կաջակցի Ադրբեջանի և Արաբական պետությունների լիգայի հարաբերությունների զարգացմանը։