Ուկրաինան հեռահար հրթիռների կարիք ունի. Զելենսկու պահանջներն Արևմուտքից չեն ավարտվում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ցանկանում էր «Abrams» ԱՄՆ-ից և «Leopard 2»-ը Գերմանիայից, այս անգամ էլ հայտարարել է, որ Ուկրաինան հատկապես հեռահար հրթիռների կարիք ունի՝ իր երկրում շարունակվող պատերազմում ռուսական բանակի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ գնահատել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի համատեքստում վերջին զարգացումները։
Նշելով, որ ռուսական ուժերը հունվարի 28-ի առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի վրա, Զելենսկին հայտարարել է, որ հարձակման հետևանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ 14-ը՝ վիրավորվել։ Հարձակման թիրախ են դարձել այն տները, որտեղ ապրել են խաղաղ բնակիչներ: Նրա խոսքով՝ ռուսական ուժերը հարձակումն իրականացրել են «С-300» հրթիռներով։
Ուստի, նա կարծում է, որ նման հարձակումները կանխելու և ռուսական բանակի հարձակման հնարավորությունները սահմանափակելու համար իրենց ավելի շատ զենք է անհրաժեշտ: