Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարված են հասցրել Գազայում՝ պաղեստինյան զինված խմբավորումներին պատկանող ռազմական գոտուն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Akşam-ը։
Ստացված տեղեկատվության համաձայն՝ իսրայելական ինքնաթիռները մեկը մյուսի հետևից գրոհել են Գազայի կենտրոնական հատվածում գտնվող պաղեստինյան զինված խմբավորումներին պատկանող ռազմական գոտին։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը չի մեկնաբանել հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ կան, թե՝ ոչ։
Հարձակումը հանգեցրել է ուժգին պայթյունների և շրջակա տների վնասների:
«ՀԱՄԱՍ»-ի զինված թևի՝ «Իզդ-Դին ալ-Քասամ» բրիգադների հայտարարության մեջ ասվում է, որ հակաօդային պաշտպանության ուժերը լուսադեմին Գազայի հատվածում «երկիր-օդ» հրթիռներով և ՀՕՊ հրթիռներով պատասխանել են իսրայելական ինքնաթիռներին:
Իսրայելական բանակի հայտարարության մեջ նշվում է, որ Գազայից 2 հրթիռ է արձակվել սահմանամերձ հրեական բնակավայրերի ուղղությամբ, որոնք կանխվել են հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
Ավելի վաղ Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում գտնվող Ջենին փախստականների ճամբարի վրա իսրայելական ուժերի գրոհի ժամանակ զոհվել է 9 պաղեստինցի։
Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում իսրայելցի զինվորների բացած կրակի հետևանքով տարեսկզբից իրենց կյանքը կորցրել են ընդհանուր առմամբ 29 պաղեստինցի, այդ թվում՝ մեկ կին և 5 երեխա։