2023-ը պետք է դառնա սխալների խմբագրման, անհնարինը իրականություն դարձնելով՝ մեր ողնաշարը շտկելու տարի․ Սուրեն Պապիկյան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերում անտարբերությունը, խնդիրներին մատների արանքով նայելը և անկարգապահությունը տեղ ունենալ չեն կարող։ Այս մասին հունվարի 28-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում հայկական բանակի կազմավորման 31-ամյակին նվիրված հավաք-խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Փաստ է, որ 2022 թվականը, որքան էլ մեր տքնաջան աշխատանքի արդյունքում որոշակի հաջողություններ է արձանագրել, ակնհայտ է, որ կան բազում թերացումներ, և այդ բազում խնդիրների հետ առերեսվելու, այն ի գիտություն ընդունելու և սխալները չկրկնելու պարտավորություն ունենք»,- ասել է Պապիկյանը։
Անդրադարձ կատարելով 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերին՝ Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերը հնարավորության սահմաններում դրսևորել են խիզախություն, կամք։
«ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Այո՛, սեպտեմբերին մենք ցույց տվեցինք, որ ՀՀ զինված ուժերը կանգնած են մեր սահմանին և ամեն գնով պաշտպանելու են ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Սա առաջին քայլն է, նշույլն է առ այն, որ մեր ողնաշարը շտկման ճանապարհին է, բայց այն բավարար չէ, և 2023 թվականը պետք է դառնա սխալների խմբագրման, անհնարինը իրականություն դարձնելու ջանքերով մեր ողնաշարը շտկելու տարի։ Այլ ճանապարհ չկա»,- ասել է Պապիկյանը։
Նա շեշտել է, որ լավ կլինի 2023-ը դարձնել ոչ միայն դիմադրելու ու դիմակայելու տարի, այլև մտածելու, խելամիտ ու հնարամիտ լինելու տարի։
«Հայոց բանակի դերն ու կոչումը մեր պետականության հարատևությունն ու ամրությունը պաշտպանելն է։ ՀՀ ԶՈւ-ն մշտապես պետք է լինի մեր պետականության ապավենը և հարատևման հիմնական գրավականը»,- իր ելույթում ասել է Պապիկյանը։