Եգիպտոսի նախագահի հետ ունեցած համատեղ ասուլիսին Ալիևը աբսուրդ հայտարարություններ է արել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է, թե, իբր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է։ Այդ մասին գրում է APA գործակալությունը։
Ջանալով սեփական ցանկությունը որպես իրողություն ներկայացնել՝ Բաքվի բռնապետը հերթական անգամ կրկնել է հետևյալ ցնդաբանությունը․ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս է և միշտ այդպես կլինի»։
Ըստ լրատվամիջոցի, Ալիևը համատեղ ասուլիսին ասել է նաև հետևյալը․ «Խաղաղությանը դեռ չենք հասել։«Խաղաղության պայմանագիրը», որը պիտի կնքվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կբերի խաղաղության հաստատմանը։ Մենք առաջ ենք քաշել հայտնի առաջարկները, և չնայած բոլոր տանջանքներին, ամեն դեպքում, գտնում ենք, որ «խաղաղության պայմանագիր» պետք է կնքվի։ Հակառակ պարագայում մեր տարածաշրջանում սպառնալիքները կավելանան»։
Ըստ էության, 2020թ․ պատմական հայկական Արցախի մեծ մասը բռնազավթած, 2021թ․ ՀՀ սուվերեն տարածք ներխուժած և մինչև հիմա ՀՀ-ից զգալի տարածքներ օկուպացրած, ներկա դրությամբ Արցախի 120 հազար բնակչությանը պատանդի կարգավիճակում պահող ագրեսորը եգիպտոսցի իր պաշտոնակցի մոտ գառան մորթի էր հագել։