ՔՊ-ում քննարկվում է քաղաքապետի հրաժարականի հարցը. այն նախատեսվում է փետրվարի կեսերին. Ի՞նչ դեր են կատարելու օլիգարխներն ու Երվանդ Թարվերդյանը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՔՊ-ում ակտիվ քննարկվում է Երևանի գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի հարցը։ Անգամ խոսվում է կոնկրետ ժամկետների մասին, որոնց համաձայն նա հնարավոր է հրաժարական տա փետրվարի կեսերին։
Իշխանությունները մտադիր են ամեն գնով վերարտադրվել Երևանում ու անցկացնել Տիգրան Ավինյանին, ինչի համար տարբեր գործիքակազմեր են մշակում։ Նախ՝ փորձում են անակնկալի բերել ընդդիմությանն ու ընտրություններն ավելի շուտ կազմակերպել, այն է ամռանը՝ հույս ունենալով, որ ընդդիմության ընտրազանգվածն այդ ընթացքում կարող է նվազել՝ ամառային արձակուրդների պատճառով։ Բացի այդ, դիտարկվում է մեկ այլ, այսպես կոչված, քաղաքական միավոր հասունացնելու մեխանզիմը, քանզի գիտակցում են, որ ինչ քայլի էլ դիմեն միայնակ 51 տոկոս քվե մայրաքաղաքում ստանալ չեն կարող ու որոշել են դիմել օլիգարխների օգնությանը
Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ «Լֆիկ Սամոն» համաձայնել էր ձևավորել Դաշինք և մասնակցել ավագանու ընտրություններին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի դեմքով, սակայն որոշակի զարգացումների արդյունքում փոխվել են պայմանավորվածությունները։ Այս պահին՝ իշխանության ներսում առավել գերիշխող մոտեցումը մեկ դաշինքի մեջ օլիգարխներին միավորելն է, որոնց թվում կլինեն ոչ միայն «Լֆիկ Սամոյի» ներկայացուցիչները, այլ նաև Մհեր Սեդրակյանի, նույն ինքը՝ «Թոխմախի Մհերի», նաև Գագիկ Բեգլարյանի ու այլ օլիգարխների պատվիրակները։
Եթե այս դաշինքին իշխանությունները մտադիր են ավագանի անցկացնել՝ հետագայում կոալիցիա կազմելու ու քաղաքապետի պաշտոնում Ավինյանի ընտրությունն ապահովագրելու համար, ապա մի քանի այլ կուսակցություններ ու գործիչներ կունենան 5-րդ շարասյան դերը։ Դրանց թվում է նաև Երվանդ Թարվերդյանը։ Սույն անձն արդեն հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և «Միացյալ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու մասին։
Վերջին շրջանում Թարվերդյանին պատկանող ընկերությունը բավական շահավետ տենդերներ է շահել, ինչն, իհարկե, անհատույց չէ ու իր նկատմամբ մեծահոգությունը պետք է փորձի փոխհատուցել ավագանու ընտրությունների ժամանակ։ Նրան վերապահվել է կեղտոտ գործը՝ ընդդիմադիրներին թիրախավորելը։