Աներևակայելի է՝ Եվրոպան կուրորեն գնում է ագրեսորի հետ նոր Մյունխենյան պայմանագիր կնքելու. Արմեն Գևորգյան

Հրապարակվել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի ելույթը «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների շուրջ» քննարկման հարցով:
«Պարո՛ն նախագահ,
Ուզում եմ՝ մի քանի կարևոր փաստ արձանագրենք Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Մի կողմ թողնելով հակամարտության քաղաքական և պատմական պատճառները՝ ֆիքսենք. շուրջ 120.000 մարդ 46 օր շարունակ գտնվում է շրջափակման մեջ: Նրանք մատնված են սովի և գոյատևում են ծայրահեղ պայմաններում: Դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ նրանք հայ են և ցանկանում են ազատ ու արժանապատիվ կյանք ունենալ իրենց հայրենիքում:
Այսպես կոչված «էկոակտիվիստները», որոնք փակել են Լաչինի միջանցքով անցնող «կյանքի ճանապարհը», հատուկ պատրաստված «հատուկ գործակալներ» են և ֆինանսավորվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: 30 տարվա ընթացքում Ադրբեջանում գազի և նավթի պաշարների կոռուպցիոն ու անարդար շահագործման դեմ «էկոակտիվիստների» կողմից բողոքի կամ հասարակական որևէ նշանակալից ակցիա տեղի չի ունեցել:
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի պետական քաղաքականությունն այսօր բացահայտ հանցագործություն է մարդկության դեմ, որը պետք է անհապաղ դատապարտվի եւ պատժվի միջազգային իրավունքի շրջանակում՝ միջազգային կազմակերպությունների և կառավարությունների կողմից:
Ադրբեջանի քաղաքական ռեժիմը չի կարող համարվել վստահելի գործընկեր, ում հետ կարելի է բանակցել, քանի որ պարզապես չկա երաշխիք, որ որևէ պայմանավորվածություն կպահպանվի:
Էթնիկ զտումների պետական քաղաքականությունը դատապարտելը չի նշանակի, որ որևէ իշխանություն «կողմնակալ է»: Միջազգային իրավունքի համաձայն՝ հանցագործության իրականացումը թույլ տալը հավասարապես ապօրինի է: Պետական այս քաղաքականությունը չդատապարտելը ճանապարհ է բացում Ադրբեջանի ագրեսիայի համար, որը ձգտում է տարածաշրջանում հայերի ներկայությանը «վերջնական լուծում» տալ:
Ադրբեջանի քաղաքականության անպատժելիության պայմաններում, որն աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, հայերը չեն կարող հույս դնել միջազգային երաշխիքների որևէ մեխանիզմի վրա, ինչը կստիպի Ադրբեջանին գործել որևէ «խաղաղության պայմանագրին» համապատասխան: Ուստի այդ խաղաղության գործընթացը չպետք է արհեստականորեն առաջ տարվի:
Նկատելի է որոշ շրջանակներում Հայաստանին առաջ մղելու, Ադրբեջանի պայմաններով արագ «խաղաղության գործարքի» հասնելու և այդպիսով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական լանդշաֆտը փոխելու մղումը: Աներևակայելի է, որ Եվրոպան կուրորեն գնում է դեպի մեկ այլ ագրեսորի հետ նոր Մյունխենյան պայմանագիր կնքելու...
Այս մտավախությունները հաստատվում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի նախագահի բացահայտ և հրապարակային տարածքային պահանջներով, որոնք տարօրինակ կերպով աշխարհում ոչ ոք չի ցանկանում տեսնել:
Առանց տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերը պատշաճ կերպով հաշվի առնելու, առանց այդ ազգերից յուրաքանչյուրի եզակի պատմական և քաղաքակրթական դերը մեր տարածաշրջանում ընդունելու՝ նման «արագ խաղաղության պայմանագիրը» չի ապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում:
Եվ վերջապես.
«Պաշտպանելու պատասխանատվություն» քաղաքական հայեցակարգը և «անջատում հանուն փրկության» իրավական դոկտրինը պետք է համարվեն լիովին վերաբերելի Լեռնային Ղարաբաղի դեպքում:
Եթե ոչ այս դեպքում, ապա որտե՞ղ:
Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»: