2022-ին արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 55 դեպք․ Աշոտ Մելիքյան

Սովորաբար, լարված իրավիճակներում, բնականաբար, բարդանում է լրատվամիջոցների աշխատանքը, նաև այն պատճառով, որ լարված, էքստրեմալ իրավիճակներում ավելանում է ճնշումների ու բռնությունների քանակը լրագրողների նկատմամբ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2022թ. տարեկան զեկույցը՝ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ հատկապես հանրահավաքների ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ ֆիզիկական բռնություններ ու ճնշումներ են իրականացվել։
Նա նշեց, որ 2022-ին արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 55 դեպք։
Բողոքի ակցիաները լուսաբանելիս, արձանագրվել է 10 ֆիզիկական բռնության դեպք 11 տուժողով։
«Տարվա ընթացքում ԶԼՄ-ների և դրա աշխատակիցների նկատմամբ ճնշումների (ըստ եռամյսակների՝ 12, 11, 18, 14-հեղ․) 55 դեպք է արձանագրվել։ Իհարկե, 55 դեպքը բավականին մեծ թիվ է»,- ընդգծեց Մելիքյանը։
Խոսելով լրագրողների տեղեկատվություն ստանալու և այն տարածելու իրավունքի մասին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2022-ին նման իրավունքների խախտումների 115 դեպք է արձանագրվել (ըստ եռամսյակների՝ 45, 24, 20, 26)։
«Սա 2022-ի ամենախնդրահարույց թեման է։ Մենք նկատում ենք, թե գնալով ինչքան է բարդանում պետական մարմիններից անհրաժեշտ տեղեկություններ ստանալը»,- ասաց նա։
Ըստ Մելիքյանի` երբ խոսում են ճնշումների մասին, պետք է արձանագրել նաև լրագրողների նկատմամբ վիրավորական, արհամարհական վերաբերմունքը։
«Ցավոք, 2022-ին էլ արձանագրվեցին նման դեպքեր, հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են եղել, մասնավորապես իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները»,-ասաց Աշոտ Մելիքյանը՝ հավելելով, որ 2022-ին արձանագրվել է 32 նոր դատական հայց ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների։