Զինծառայողներից մեկն ու սպան հերթապահության են եղել դրսում․ սպան հոգեբանական ծանր վիճակում է․ ընդդիմադիր պատգամավոր (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ընդդիմադիր այլ պատգամավորների հետ միասին Քննչական կոմիտեի դիմաց եկել էին սատարելու 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներին։
Վերջիններս այստեղ էին՝ Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ նաև Գեղարքունիքի զորամասերից մեկի վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին ու դրա հետևանքներին։
Խոսելով դեպքի մանրամասներից՝ Դանիելյանը նշեց, որ ժամկետային զինծառայողներից մեկն ու սպան հերթապահության են եղել դրսում։
«Սպան հոգեբանական ծանր վիճակում է։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, որտեղ տեսակցություններն արգելվում են»,- ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ չի ուզում խոսել վարկածների մասին։
Նա նկատեց միայն, որ այսօր կան լավ կահավորված զորամասեր, սակայն լինելով սահմաններում, նա տեսել է նաև, մեղմ ասած, անմխիթար վիճակում գտնվող զորամասեր։
Պատգամավորը նկատում է, որ այս մասին բազմիցս բարձրաձայնել են, սակայն իշխանությունները ոչ ուզում են լսել այդ մասին ու ոչ էլ քայլեր են ձեռնարկում՝ խնդիրը լուծելու համար։
«Սա քաղաքական խնդիր չէ, սա մեր երեխաների խնդիրն է, բանակը մերն է՝ մեր բոլորինս ու այդ խնդրին պետք է լուրջ ու ադեկվատ վերաբերվել և լուծել դրանք»,- ասաց պատգամավորը։
Նա հիշեցրեց նաև, որ տունը, որը զինվորների կեցավայրն էր, զինվորներից մեկի ծնողն է գնացել լույս քաշել։
«Արդեն պարզ է, չէ՞, պետության վերաբերմունքը բանակին։ Վարչապետի աթոռը զբաղեցնողը մայկա-տռուսիկի թեման մատի փաթաթան էր սարքել, սակայն հիմնական խնդիրը թողել են»,- ասաց նա։