Երևանում գողը բռնվել է հանցանքի վայրում. տեղում շրջափակել են շենքը՝ կանխելով գողի փախուստը (տեսանյութ)
Երևանում 47-ամյա տղամարդը գողության նպատակով մտել է Միքայելյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարան, սակայն չի հասցրել ավարտին հասցնել հանցագործությունը։
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկաններին հնարավոր գողության մասին հայտնել է հարևաններից մեկը։ Նա հունվարի լույս 22-ի գիշերը` ժամը 04.30-ին, զանգել է ոստիկանություն և ասել, որ հարևանի տան ազդանշանային համակարգը միացել է, հնարավոր է՝ ներսում մարդ կա, իսկ հարևանը գտնվում է արտերկրում։
Իրավապահները կապ են հաստատել բնակարանատիրոջ ազգականի հետ, որի մոտ եղել է տան բանալին, տեղում շրջափակել են շենքը՝ կանխելով բնակարանային գողի փախուստի հնարավոր ճանապարհները։
47-ամյա տղամարդը ձերբակալվել է հենց բնակարանում։ Նա ասել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ է կոտրել բնակարանի ճաղավանդակն ու ներս մտել։