Վարչապետին կարելի է ասել խնդիրը ԴՆԹ-ի մեջ է, իսկ Արմեն Գրիգորյանին դրա համար դատո՞ւմ էիք. Հովհաննես Գալստյան

«Ինտելեկտի առկայությունն այնպիսի բան է, որ չես կարող թաքցնել»: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ BBC Hard Talk-ին տված հարցազրույցին:
Նրա գնահատմամբ, Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը խելացի և կայացած մարդու խոսք էր:
«Երևում էր, որ հաղորդավարը ցանկանում էր նրանից քաշել ինչ-որ մի տեղեկատվություն, բայց կոտրվեց նրա տրամադրությունը, քանի որ մարդն ասաց այն, ինչ ցանկանում էր ասել»,-ասավ ռեժիսորը՝ հավելելով, որ իր տըպավորությունները դրական են:
Նրա խոսքով, լավ կլինի, որ շատ լինեն այս ճգնաժամային իրավիճակում Արցախին աջակցություն ցուցաբերող նախաձեռնությունները․ «Իսկ մեր պետությունը գիտեք ինչ է անում․․․ Մի Էդմոն Մարուքյան կար, որը ժամանակին այս իշխանության թշնամիներից մեկն էր իրեն համարում, բայց հետո դարձավ դեսպանը, ասում էր՝ էդ զորամասը պայթեցվել էր Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, դրա համար զինվորներն ապրում էին նման պայմաններում։ Բա որ ռմբակոծվել էր, պայթեցվել էր, դուք Պաշտպանության նախարարությանն ինչո՞ւ պարգևավճար տվեցիք, էդ պարգևավճարներով զորամաս կառուցեիք: Այս կառավարության ամբողջ օրը մարդկության դեմ հանցագործություն է: Ողբերգության հաջորդ օրը վեր են կենում ասում են՝ սա է մեղավոր, նա է մեղավոր, մեղավորությունը ԴՆԹ-ի մեջ է. Արմեն Գրիգորյանն էլ էր ասում՝ խնդիրը ԴՆԹ-ի մեջ է։ Այսինքն, վարչապետին կարելի է ասել խնդիրը ԴՆԹ-ի մեջ է, իսկ Արմեն Գրիգորյանին դրա համար դատո՞ւմ էիք»,-նկատում է ռեժիսորը:
Հովհաննես Գալստյանը նաև հավելեց, որ խնդիրը բոլորովին էլ ԴՆԹ-ի մեջ չէ, խնդիրն այն է, որ մեր զինվորներն ապրում էին նման պայմաններում, ու դրա ամբողջ մեղավորությունը պետությանն է:
«Մի հատ գնացեք նայեք Ժնևյան կոնվենցիան, թե ինչպիսի պայմաններ պետք է լինեն ռազմագերիների համար։ Այն զորանոցներում, որտեղ մեր երեխեքին եք պահում, եթե ռազմագերիների պահեիք, ռազմական հանցագործ կհամարվեք, որովհետև ռազմագերիներին նման տեղում պահել չի կարելի, ուր մնաց քո զինվորներին»,-ասաց նա: