Մինչ սգում է ազգը, վերնախավը կերուխումի մեջ է. Վահե Ղազարյանը պատիվ է տվել Նիկոլ Փաշինյանին ու Սուրեն Պապիկյանին

Այսօր, ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետի աթոռը բախտի բերմամբ դեռևս զբաղեցնող անձը` Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով, պայմանական ասած, դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հոգեհանգիստներին մասնակցելու, մահացածների ծնողներից ներողություն խնդրելու փոխարեն ընկել էր մարզից մարզ: Պարեկային ծառայություն էր «պարացնում», արդեն անձամբ իրեն ծառայող ՆԳ նախարար դարձած Վահե Ղազարյանի հետ:
Վերջին կանգառն, ըստ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի, այս երկուսի հարազատ Տավուշի մարզն է եղել, որտեղ էլ` NEWSPRESS.am-ի տեղեկություններով, հարազատ Իջևանի «Քարվանսարա» ռեստորանում Վահե Ղազարյանը պատիվ է տվել Նիկոլին և նրանց միացած մեկ այլ հերոսի` Սուրիկ Պապիկյանին, որն ավելի վաղ խստիվ ուշացումով «ներկա է ստացել» դեպքի վայրում: Համացանցում ծաղրանքով «Սպարապետ» ածականը ստացած պարոնը նաև այցելել է հրդեհից տուժած զինծառայողներին:
Փաստորեն, նիկոլական այս «թայֆան» ոչ միայն գլխով պատասխան չի տալիս 15 մատաղ կյանքի համար, որոնք կորսվեցին առաջինների անտարբերության, Նոր տարվա «տրալյալյուլու»-ները զինվորի կենսական ապահովման վայրերն ապահովելուց գերադասելու, պարգևավճարներն առաջնահերթ դասելու պատճառով, այլև կարողանում են մարդամեջ դուրս գալ, դեռ մի բան էլ ուտուշ-խմուշ կազմակերպել:
Օրինաչափ է, օրինական չէ, բարոյական չէ, մինչ ազգը սգում է, վերնախավը կերուխում է անում:
5000 կյանքն ուտել ու մարսելուց հետո, 15-ն ի՞նչ է որ չմարսեն:
Հ.Գ. Պաշտպանության նախարարությունը, հավատարիմ իր կեղտոտ ձեռագրին, չի հրապարակում մահացած զինծառայողների անունները, ինչպես առ այսօր չի հրապարակել սեպտեմբերի 13-14-ի զոհերի անունները: