Ջեռուցման համակարգ, եվրոպական պատուհաններ, փայտե մանրահատակ. բանակը նախկինում՝ և հիմա (լուսանկարներ)

Երեկվա օրը՝ հունվարի 19-ը, այլևս սևով է գրվելու Հայոց բանակի օրացույցում: Նախնական վարկածով՝ հրդեհի բռնկման հետևանով 15 զինծառայող հեռացավ կյանքից, նրանց մեծ մասն օրեր անց զորացրվելու էր:
Այս հրդեհը, սակայն, եկավ վերջնականապես մերկացնելու այս իշխանությունների ճոռոմ ու դատարկ հայտարարությունները, թե բանակի համար աննախադեպ բյուջե է տրամադրվել, թե զինվորները նախկինի պես չեն «ապրում» բանակում, թե ծնողներն այլևս «մայկա-տրուսիկ» չեն ուղարկում, թե... զինվորները ելակ են ուտում... ի տարբերություն այնքան ատելի նախկինների:
Այդ հայտարարությունները հօդս ցնդեցին: Մոխրացան: Մոխրացան հայրենիքի սահմանները պահպանող տղերքի մարմինների հետ: Մարմինների պես:
Ու երևան եկավ մի ճշմարտություն, որ հավանաբար նախկինում, երբ մեզ ասում էին, թե դուք վատ եք ապրում, բայց դրա հաշվին մենք անվտանգություն ենք ապահովում, թերևս ճիշտ էին ասում, իսկ մենք քմծիծաղ էինք տալիս, թե՝ ո՞ւմ եք ձեռք առնում:
Մեր ընթերցողի ուղարկած լուսանկարները (ով խնդրեց փակել դեմքը) ապացույցն են այն բանի, որ նախկինում զինծառայողներն ապահոված են եղել քաղաքակիրթ պայմաններով զորամասերով, ջեռուցման համակարգերով, եվրոպական արտադրության պատուհանններով, փայտե մանրահատակով: Այդ ամենը երևում է մեկ լուսանկարում, որն արված է դեռևս 2014 թվականի ձմռանը, Արցախի զորամասերից մեկում: Զորամասը ջեռուցվել է այնպես, որ զինծառայողը կարողացել է միայն անթև շապիկով մնալ զորամասում: Կրկնենք՝ ձմռանը:
Ու զուգահեռաբար, երբ այսօր տեսնում ես, թե «զորամասի վաշտի կացարան» կոչված բունն ինչքան խղճուկ տեսք ունի, և ինչպիսի անմարդկային պայմաններում են ծառայում մեր հայրենիքի պաշտպանները, աչքիդ առաջ են գալիս իշխանական պրոպագանդայի այն կեղծ բարեպաշտները, որոնք կատաղած շների պես, հարձակվում էին ցանկացածի վրա, ով ահազանգում էր այդ վատ պայմանների մասին: Փաստացի նաև այդ մարդիկ են պատասխանատուն, որ կեղտի վրա ձյուն են լցրել ու մաքրել են այս իշխանության ցեխոտ դեմքը:
Իսկ իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյան-Սուրեն Պապիկյան զույգի ղեկավարած բանակը ոչ միայն այդ հատվածում, այլև շատ ու շատ տեղերում նույն տեսքն ունի:
Այս լուսանկարն էլ, օրինակ, արդեն մեր օրերից է, Սյունիքի դիրքերից մեկն է: Եվ իշխանական արդարացումները նորմալ, մտածող մարդկանց մոտ արդեն գլխացավ են առաջացնում ու սրտխառնոց: Ուրիշ ոչինչ:
Իսկ ամենատարօրինակն այն է, որ հրդեհի զոհ են դառնում հենց սակրավորները: Նրանք, որոնց գործունեության հետևանքներից ամեն օր գանգատվում է «քաղաքակիրթ» Ալիևը:
Հետևությունները թողնում ենք մեր ընթերցողի առողջ բանականությանը: