«Բոլորդ ինձ գրում էիք՝ տականք, լաչառ, չար մարդ, չես ուզում մետրոյի կայարան ունենանք․ ունեցա՞նք»․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)
Մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստ կլինի 2023 թվականին։ Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն՝ ի պատասխան ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հարցի։
Թեհմինա Վարդանյանը նկատեց, որ շուտով 5 տարի կլրանա, ինչ «Իմ քայլը» թիմն է կառավարում, իսկ խոստումների մեծ մասն այդպես էլ դեռ չեն իրականացել։
Նա խոսեց մասնավորապես մետրոյի կայարանի կառուցման մասին։
«Երբ հնգամյա զարգացման ծրագրում կար մետրոյի կայարանը, և երբ 2019-ին Մարությանը բոցաշունչ ելույթներ էր ունենում, ես ասում էի՝ չեմ հավատում, դուք՝ բոլորդ և թիմի համակիրներն ինձ գրում էիք՝ տականք, լաչառ, չար մարդ, դու չես ուզում մետրոյի կայարան ունենանք, կտեսնես, որ կունենանք։ Ունեցա՞նք»,- հարցրեց Վարդանյանը։
Նա նշեց, որ երբ խոսում են մետրոյի կայարանի կառուցման մասին՝ պետք է հասկանալ, որ դա կայարանի կառուցումը չէ, այլ ընդամենը կայարանի նախագծումը։
Մանրամասները՝ տեսանյութում