ԱՄՆ-ը հույս ունի, որ կշարունակվի երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև․ Փրայս
Միացյալ Նահանգները ակնկալում է շարունակական երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու համար, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև երկխոսությունը և կառուցողական մթնոլորտը կշարունակեն հանգեցնել կայուն խաղաղության և խնդիրների լուծմանը», - ասել է Նեդ Փրայսը։
Փրայսը հիշեցրել է, որ վերջին հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կազմակերպել։
Գործակալության այն հարցին, թե արդյոք Ֆրանսիայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած վերջին այցի ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտության թեման, և արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է փոխարինել Բրյուսելին՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպման ձախողումից հետո, Փրայսն ասաց, որ այս հարցի պատասխանը կարող է տալ Սպիտակ տունը, որը կարող է խոսել Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր ցանկացած քննարկման մասին։
«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ՝ օգնելու ապահովել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագան», - հավելել է նա։
Փրայսը հիշեցրել է, որ պետքարտուղար Բլինկենն արդեն երկու եռակողմ հանդիպում է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նա նաեւ շարունակում է հեռախոսային կապ պահպանել կողմերի հետ։