Նիկոլի սրտի օլիգարխին մի ձեռքով երես են տալիս, մյուսով՝ «բամփում» գլխին. Նարեկ Նալբանդյանին բերման են ենթարկել և խիստ զգուշացրել

Օրեր առաջ կառավարությունն ավետեց՝ Եղվարդում բացվել է համակցված կերերի գործարան, բացմանը մասնակցել էր նաև Նիկոլ Փաշինյանը: Ղեկավարներն էլ նրան հայտնել էին, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել 100-ից ավելի նոր աշխատատեղ: Ամեն ինչ կարծես թե լավ էր, միայն թե չէր նշվում՝ ովքեր են գործարանի ղեկավարները:
Հրապարակված լուսանկարներից պարզ էր, սակայն, որ խոսքը շատ արագ տեմպերով Փաշինյանի սրտի օլիգարխ դարձած, նորաթուխ «փողատեր» Նարեկ Նալբանդյանի մասին է:
Ընթերցողին հիշեցնենք, որ նրա անունը կապվում է Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը 5 միլիարդ դրամով ձեռք բերելու պատմության, ինչպես նաև Հովիկ Աբրահամյանին պատկանող Մոնումենտի դղյակի ձեռքբերման կասկածելի պատմության հետ: Նարեկ Նալբանդյանի «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան խախտման համար տուգանվել էր 3 մլն 44 հազար 534 դրամի չափով: Նրա անունը նաև կապված է այլևայլ մութ գործարքների հետ, երբ թերևս պարզ չէ, թե ինչպես սույն երիտասարդը կարողացավ միանգամից հարստանալ ու աջուձախ փողեր ներդնել:
Բայց Նալբանդյան Նարեկին իշխանությունն ինչպես մի ձեռքով երես է տալիս, մյուս ձեռքով էլ՝ դասականի ասած, գլխին է «բամփում»:
Իշխանությունների մտերիմ դարձած Նարեկ Նալբանդյանը, պարզվում, շրջում է իրեն ուղեկցող մեքենայով և թիկնազորով:
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, որ օրերս նրան և նրան ուղեկցող թիկնազորին Կոտայքի մարզի ոստիկանները բերման են ենթարկել և խիստ զգուշացրել, որ թիկնազորով չերթևեկի:
Հետաքրքիր է, թե իշխանությունների սիրելին ինչու է հայտնվել իրավապահների տեսադաշտում: Թե ինչ հետագա զարգացումներ են սպասում նրան, կփորձի պարզել NEWSPRESS.am-ը: