«Սա կարևոր քայլ է». Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի նոյեմբերի 30-ին ընդունած բանաձևը:
Նրա տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Արցախի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևի համար:
Ողջունում ենք Ֆրանսիայի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որ 2020թ աշնանային պատերազմի սկիզբից ի վեր ցուցաբերվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված:
Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր սահմանին հնչող կրակոցները չեն խոսում, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ:
Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:
Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար»: