Վնաս, որպես այդպիսին, քաղաքին չի հասցվել․ ըստ Ավինյանի՝ կառավարության շենքի պատերը նախկիններն են ծակել
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նախատեսված ամանորյա միջոցառումներին ու խոսել լուսավորության մասին։
Նա նշել է, որ լույսերը կմիանան «Եվրատեսիլ»-ի միջոցառման մեկնարկին զուգահեռ։
Այս համատեքստում, խոսելով կառավարության շենքին փակցված լույսերից, Ավինյանը նշեց, թե իբր այդ առումով, քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն, քանի որ աշխատող խմբին պահանջ է ներկայացվել նաև շենքն անվնաս վերադարձնել նախնական տեսքին։
«Ասեմ ավելին, տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, և դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ, առհասարակ, պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք»,- ասուլիսի ժամանակ ասաց Ավինյանը՝ փաստացի մեղքը դարձյալ բարդելով նախկինների վրա։
Ըստ նրա՝ վնաս, որպես այդպիսին, քաղաքին չի հասցվել։ Նա վստահեցնում է, թե իբր համացանցում տարածվող նկարներն իրականության հետ ոչ մի կապ չունեն։
«Այն մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջի «բոլտը» մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի։ Ժամանակին այդ շենքերին շատ մեծ վնասներ են հասցրել, և դրանք նույնպես այս ընթացքում մենք արձանագրել ենք, ու գարնանը պատրաստվում ենք դրանց անդրադառնալ»,- ասաց Ավինյանը։