Ես իմ մանդատը վայր չեմ դնելու. Իշխան Սաղաթելյանը բացատրել է՝ ինչու
Չեմ թաքցնի և անկեղծ կասեմ՝ նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր Դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին: Այս մասին ասյօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
««Դաշնակցության» մեջ անհատական, անձնական, որոշումները չկան այլևս, երբ կա Գերագույն մարմնի որոշում: Հետևաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե մենք դնեինք՝ դնելու էինք բոլորս, եթե որոշել ենք, որ մասնակցում ենք, մասնակցում ենք բոլորս: Ընդդիմությունն այսօր իր օրակարգով ունի արտահերթ նիստ, ես եկել եմ մասնակցելու»,- ասաց Սաղաթելյանը:
Հարցին, թե ի՞նչ տարաձայնություններ կան, որ ընդդիմադիր պատգամավորները հերթով մանդատները դնում են, ցուցակների հաջորդ թեկնածուներն էլ հրաժարվում են մանդատներից, Սաղաթելյանը պատասխանեց, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարությունն արել է, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ինքը որևէ մեկնաբանություն չունի, ամեն ինչ եղել է հրապարակային: