Արտակարգ դեպք Երևանում. պարեկները կրակմարիչներով կանխել են աղբամանում առաջացած կրակի տարածումը

Արտակարգ դեպք Երևանում։ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում աղբամաններ են այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նույն վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանն ու Սոս Սերոբյանը իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս են բերում կրակմարիչները ու փորձում կանխել կրակի տարածումը վառվող աղբամանից մյուս աղբամաններ, իսկ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը տեղեկությունը փոխանցում է ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, ու ժամանած հրշեջները, միանալով պարեկներին, մարում են կրակը։
Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանների ղեկավարները, Արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմիցս հորդորել են քաղաքացիներին, որպեսզի մայրաքաղաքում տեղադրված աղբամանները չայրեն, սակայն, չգիտես ինչու, որոշ քաղաքացիների մոտ «ուղեղի խնդիր կա», ու կարծես թե միտումնավոր ոչ միայն վնասում, այլև այրում են աղբամանները։