Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը մանդատի «բացահայտ խախտում» է համարում

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստան ԵԱՀԿ առաքելություն ուղարկելը կազմակերպության «մանդատի բացահայտ խախտում» է համարում։ Այդ մասին նա հայտարարել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանում ունեցած ելույթում։
Բայրամովը դժգոհել է, ասելով, որ, այսպես կոչված, «կարիքների գնահատման առաքելություն» առանց կոնսենսուսի Հայաստան ուղարկելը բոլոր մասնակից պետությունների հավաքական կամքով ընդունված մանդատի բացահայտ խախտում է։
«ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, ներառյալ նախագահությունը և քարտուղարությունը, ստեղծվել են որպես ընդհանուր արժեքներ բոլոր մասնակից պետությունների համար։ Համապատասխան կերպով գործելու անկարողությունը խաթարում է վստահությունը: Ադրբեջանը կոչ է անում այդ ինստիտուտներին ուղղել իրենց մանդատների կոպիտ խախտումը»,- ասել է նա։