Անտրամաբանական եմ համարում այդ տեղեկությունները. Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում ադրբեջանցիների կողմից թունել կառուցելու լուրերի մասին
Ջերմուկում ծրագրերի իրականացման հարցում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել Էկոնոմիկայի նախարարության, հյուրանոցների տնօրենների հետ։ Այս պահին իրականացվող ծրագրեր չկան, բայց կան նախագծեր․ դրանք քննարկվում են։ Միջոցներ ենք ձեռնարկում նաև վախի իրավիճակի մեղմման հետ կապված։ Այս պահին բավականին առաջընթաց ունենք։ Կան հյուրանոցներ, որոնք հյուրերով ծանրաբեռնված են։ Շատ մարդիկ նույնիսկ Նոր տարվա համար համարներ են ամրագրել։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Ջերմուկում վերջին օրերին լարվածություն չի եղել:
«Կրակոցներ կարող է լինեն, բայց մեր դիրքերի ուղղությամբ այնպիսի իրավիճակ չի եղել, որ լարվենք: Ես ամբողջ օրը մարզում եմ, լարված իրավիճակ չենք ունեցել»,- ասաց մարզպետը։
Նա հերքեց նաև տեղեկությունները, թե ադրբեջանցիները Ջերմուկի այն հատվածներում, որտեղ սեպտեմբերի 13-ից հետո առաջ են եկել, թունել կամ ճանապարհ են կառուցում.
«Ես նման տեղեկություն չունեմ, պետք է դրանք տարածողից ճշտեք: Ես այդ լուրերն անտրամաբանական եմ համարում»,- ասաց Գրիգորյանը: